Մենք արդեն տեղափոխել ենք` 18,725,635 կգ 2,506,287 կմ․

Հեռ` +(374) 41 27-07-07
+(374) 10 27-07-07

Մեզ հետ, հեռավորությունը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն.

Մենք կոնյակով բեռնված 15 մեքենա ունենք Լարսում կանգնած՝ ո՞նց եք պատկերացնում, դա ռիսկի կդնե՞նք հենց այսօր գանք, թե՞ կսպասենք մեկ օր էլ

Այսօր եւս Վերին Լարսի անցակետը փակ մնաց բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ կատարվում են ճանապարհի մաքրման, աղով մշակման աշխատանքներ հնարավորին սեղմ ժամկետներում նաև բեռնատար տրանսպորտային բոլոր միջոցների  համար երթևեկությունը վերականգնելու համար: Թե երբ կավարտվի այդ աշխատանքը՝ դեռ չի հստակեցվում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից ձյան տեղումների եւ ձնասահքի վտանգի հետեւանքով ճանապարհը փակվել է եւ որոշ վարորդներ արդեն 6օր է՝ մեքենաների մեջ են գիշերում:

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը կարծում է, որ այս իրավիճակը նորմալ է՝ հաշվի առնելով, որ վերջին հաշվով Լարսը ռեալ ճանապարհ էլ չէ:

- Պարոն Աղաջանյան, տեղեկություններ ունե՞ք ինչ իրավիճակ է Լարսում:

- Մեր տեղեկությունը մեր վարորդներն են, որ ճանապարհին են:

- Ձեր ընկերության քանի՞ վարորդ կա ճանապարհին:

- Շատ, մոտավորապես 15-20: Եղանակային պայման է, ճանապարհ է, փակ է, դրա մեջ ոչ մի բան չկա: Նույն հաջողությամբ կարող է Քաջարանի ճանապարհը փակվել, Սոթքի ճանապարհը փակվել: Ուղղակի դա միջպետական նշանակության ճանապարհ է՝ մեզ համար ստրատեգիական, բայց ինքը ճանապարհ է, որտեղ կարող է ամեն բան էլ լինել: Դրան նորմալ պետք է վերաբերվել:

- 6 օր շարունակ նման միջպետական ճանապարհի փակվելը նորմա՞լ է:  

- Լրիվ նորմալ իրավիճակ է: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ ձմեռվա փոխադրումների դեպքում մենք պլանավորում չենք անում այնպես, ինչպես տարվա մյուս եղանակներին: Ասում ենք այնքանով, որքանով հնարավոր է անցանելիությունը օգտագործել, օգտագործում ենք՝ չվտանգելով ոչ բեռը, ոչ վարորդին: Շատ վտանգավոր է այդ ճանապարհով գնալ նույնիսկ այն դեպքում, երբ ճանապարհը հայտարավում է բաց՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Այսօր ռադիոյով լսեցի, որ վրացական կողմը ճանապարհը հայտարարեց բաց՝ շղթաների կիրառման պարագայում: Դա բավարար չէ մեզ համար. վերջնական որոշումը ընդունելու է վարորդը, ինքը պետք է գնահատի ռիսկայնությունը՝ գնա՞, թե՞ չգնա: Այնպես որ, եթե մենք կոնյակով բեռնված 15 մեքենա ունենք Լարսում կանգնած՝ ո՞նց եք պատկերացնում, դա ռիսկի կդնե՞նք հենց այսօր գանք, թե՞ կսպասենք մեկ օր էլ: Մենք կսպասենք՝ հասկանալով իհարկե, որ սպասելն էլ ծախսերի հետ է կապված, բայց ամեն դեպքում ռիսկի խնդիր կա, որը փորձում ենք նվազագույնի հասցնել:

- Վարորդները տեղեկություն ունե՞ն՝ որքան կշարունակվի այդ վիճակը:

- Դուք մեր վարորդներին Աստծո հե՞տ եք ուզում համեմատել: Այնտեղ կա ոստիկանական համապատասխան ծառայություն, որն ամբողջովին վերահսկում է իրավիճակը, թույլ է տալիս կամ թույլ չի տալիս երթեւեկել որոշակի տեղերում, անվտանգությունն է ապահովում, երթեւեկելի մասից դուրս է բերում մեքենաները: Դա արվում է շատ քաղաքակիրթ, շատ ցիվիլ ձեւով:

- Իսկ աշխատանքներ տարվո՞ւմ են ճանապարհը մաքրելու ուղղությամբ:

- Ճանապարհը մաքրում են միշտ: Բայց երբ որ մինուս 20 աստիճան է լինում, ձյան բարակ շերտը, որը հնարավոր չի լինում մաքրել՝ մեծ վտանգ է ներկայացնում: Դրա համար, եթե ձյան շերտը չհանեն, երբեք երթեւեկելի չի դառնա: Ձյան շերտը հանում են, բայց դա չի նշանակում, որ այն երթեւեկելի է դառնում: Ծածկույթը մնում է: Ծածկույթը կարող է հալվել աղի, արեւի, տաք օդի ազդեցության տակ: Դա էլ բնությունից է կախված:

- Խնդիրն այն է, որ անձրեւների շրջանում էլ է շատ լինում, որ ճանապարհը փակվում է: Ու ստացվում է, որ տարվա մեծ մասը Լարսը չի գործում:

- Անձրեւների շրջանում ճանապարհի փակվելը պայմանավորված է սողանքներով: Ջրերի կուտակումները խոնավացնում են ճանապարհը եւ սողանքներ են առաջանում: Ես վերջին անգամ որ անցել եմ՝ այնպիսի ահռելի մասսա էր սարից իջել, ահավոր էր: Դա էլ է նորմալ: Ախր դա որպես էդպիսին ռեալ ճանապարհ էլ չի: Այն, որ մենք այդ ռիսկերով, այդ սահմանափակումներով, այդ բարդություններով կարողանում ենք դրանից օգտվել՝ պարզապես ստիպված ենք օգտվում: Եթե լինի որեւիցե այլընտրանք՝ ոչ ոք չի օգտվի:

- ժամանակը չէ՞ մտածել այլընտրանքային ճանապարհի մասին: Թե՞ հնարավոր չէ դա իրականացնել:

- Ինչի՞ց եք խոսում: Սովետական միության նման հզոր երկիրը չէր կարող այլընտրանք ստեղծել: Դուք պատկերացնո՞ւմ եք Կովկասյան լեռնաշղթան ծակել- անցնել եւ այլընտրանք ստեղծել: Այլընտրանքը կարող է լինել Սեւ ծովի ափով, կարող է լինել Կասպից ծովի ափով: Երկուսն էլ կան, բայց քաղաքական նկատառումներով երկուսն էլ փակ են: Այլընտրանքը միայն ծովի ափն է: Մնացածը լեռներ են, ահռելի լեռնաշղթա. եթե ինքնաթիռով այդ հատվածով անցնեք՝ կտեսնեք. ինքնասպանություն է այդտեղով գնալը, եւ եթե փակվում է, ուրեմն պետք է համակերպվել եւ հանգիստ նայել դրան: Հայաստանի 15-20 տարվա բյուջեն միացնես, եթե ուզենաս նոր ճանապարհ կառուցել՝ չես կառուցի: Կովկասյան լեռնաշղթան աշխարհի խոշորագույն լեռնաշղթաներից մեկն է: Ալպերով ավելի հեշտ է անցնել, քան Կովկասյան լեռնաշղթայով: Ալպերով անցել է Սուվորովի բանակը, բայց ոչ մի բանակ Կովկասյան լեռնաշղթայով չի անցել. պատմության մեջ այդպիսի բան չի եղել: Դուք ո՞նց եք պատկերացնում այդտեղ այդպիսի ճանապարհի կառուցում: Ո՞ր երկիրը դա կանի, հանուն ինչի՞, որ մի 5000 հատ կամ 150 հազար հատ հայկական բեռնատա՞ր գնա: Լուծումը միայն քաղաքական կարող է լինել, այլ լուծում չկա մոտակա տարիներին: Եթե իհարկե հանկարծ Հայաստանում ավազի հանքեր, նավթի հանքեր չհայտնաբերեն, որ մենք էնքան հարստանանք, որ չիմանանք՝ ուր ծախսենք մեր փողերը: