Մենք արդեն տեղափոխել ենք` 18,725,635 կգ 2,506,287 կմ․

Հեռ` +(374) 41 27-07-07
+(374) 10 27-07-07

Մեզ հետ, հեռավորությունը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն.

Լարսի մոտ ոստիկանները փող են վերցնում, որ առանց հերթ տանեն առաջ. բեռնատարի վարորդ

Վերին Լարսի անցակետի մոտ ձյան տեղումները շարունակվում են եւ անցակետը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մենք զրուցել ենք 11-րդ օրը Լարսի մոտ անցկացնող բեռնատարներից մեկի՝ Վաչագան Սարգսյանի հետ: Այսօր նրա մեքենայի մարտկոցը շարքից դուրս էր եկել, նա դիմել էր ծանոթներին՝ իրեն մարտկոց հասցնելու խնդրանքով:

Վաչագան Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լարսի անցակետի մոտ ծառայություն իրականացնող ռուս ոստիկանները վարորդներից գումար են վերցնում՝ հերթն առաջ գցելու համար: 

- Պարոն Սարգսյան, հիմա դուք որտե՞ղ եք:

- Հիմա 4 կիլոմետր հեռու եմ Լարսից, Վլադիկավկազի մոտ:

- Ի՞նչ իրավիճակ է, մեքենաներ կարողանո՞ւմ են անցնել անցակետը:

- Ոչ, երեկվանից լրիվ փակ է, ձյուն է գալիս: Մարդատար մեքենաներին Երեւանից չեն թողնում գալ, ներքեւից թողնում են: Իմ ընկերը պետք է գազելով ծաղիկ բերեր Վլադիկավկազ, չի կարողանում գալ, դեռ չի հասել:

- Արդեն քանի՞ օր է այդտեղ եք:

- 11-րդ օրն է արդեն: Մեքենայի մարտկոցը նստել էր, խնդրել եմ, բերում են: Շատ-շատ ենք այստեղ: Ինձնից առաջ շուրջ 400 մեքենա կա, ինձնից հետո էլ դեռ մինչեւ Պյատիգորսկ կանգնած են: Այստեղ առանց հերթ բերում են, փող են վերցնում, մեքենաներ են անցկացնում, մենք էլի մնում ենք կանգնած:

- Ո՞վ է բերում-անցկացնում:

- Ոստիկաններն են, ճանապարհային: Գնում են վերեւից փողերը վերցնում, առանց հերթ տանում առաջ: Հիմա որ ձյուն է եկել, չեն կարողանում էլ անել: Տեղ չկա: Հենց ճանապարհը բացվի, կսկսեն փող աշխատել:

- Ոստիկանները գումա՞ր են վերցնում:

- Վլադիկավկազի ճանապարհային ոստիկաններն են, մի քանի հոգի էլ քաղաքացիական անձինք կան, որ հատուկ էդ գործի վրա են:

- Մարդկանցից գումար են վերցնում, որ հերթը առա՞ջ գցեն:

- Հա, առանց հերթ տանում են, էլի: Մենք էլ մնում ենք կանգնած՝ ով փող չունի, որ տա կամ չի ուզում տալ: 3-4 հազար ռուբլի է, էդքան փող են ուզում, որ առանց հերթ տանեն- մտցնեն սահման, դրա համար մենք մնում ենք կանգնած:

- Մարդատարների վարորդներն ու ուղեւորները ինչպե՞ս են մնում:

- Իրենք մեքենայի մեջ են մնում, մեքենայի մեջ նստած քնում են կամ հյուրանոց գնում: Հյուրանոցն էլ Վլադիկավկազում այնքան թանկ է, մեկ մարդը 1500-2000 ռուբլի: Ամեն մարդ ի վիճակի չէ էդ փողը տա: Դժվար վիճակ է, բոլորի համար: Էս վիճակից ինֆարկտ էլ կստանանք, ամեն ինչ էլ կստանանք: Չենք կարողանում ոստիկանների դեմը. էն օրը հավաքվեցինք ճանապարհը փակեցինք, բայց էլ ի վիճակի չէինք փակելու: Գիշերը պիտի կանգնես, որ չթողնես: Շատ ժամանակ վախենում ենք իրենց մոտ ասել, որովհետեւ իրենց ազգի մեջ մենք աշխատում ենք, վնաս կտան մեզ:

- Կարո՞ղ եք ապացուցել, որ նման բան կա:

- Դա հեշտ է ապացուցելը. մի կես ժամ էլ գան-կանգնեն այստեղ, կտեսնեն քանի մեքենա է առանց հերթ գնում առաջ: էդ բոլորից փող են վերցնում, տանում են:

- Բայց որ ճանապարհը փակ է, ո՞նց են անցկացնում:

- Չեն անցկացնում, տանում են առաջ են կանգնացնում, որ ճանապարհը բացվի, իրենք առաջինը անցնեն: Մենք էլի մնում ենք կանգնած: Հիմա էնքան ավտո են տարել այնտեղ, որ հանկարծ սարը բացվի՝ մեզ 3 օր հերթ չի հասնի: